Նախորդ էջ

ԱԶԱՏ  ՄԱԹՅԱՆ

Կենսագրական

Գրքեր

Քանդակներ

Անունը կա՛, հուսանք, որ ամանումն էլ լինի

 

 

Եթե ուզում էք ամբողջական գաղափար կազմել այն ամենի մասին, ինչը պակասում է մեզ՝ հայերիս, ապա մի պահ ուշադրություն դարձրեք հայ կուսակցությունների անուններին: Չէ որ կուսակցությունները կոչված են ի կատար ածելու ժողովրդի երազանքները, այսինքն այն, ինչ չկա, բայց պետք է հաստատ, որ լինի:

Սկսենք այսօր արդեն «ավանդական» համարվող կուսակցություններից:

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն». Ներկա վիճակով այս կուսակցությունը ոչ կարողանում է հեղափոխություն անել, ո՛չ էլ մի այլ, հեղափոխական, թե պահպանողական, իշխանամարտ, թե իշխանամետ կուսակցության հետ դաշնակցել: Ասված է, որ երկու տիրոջ միաժամանակ ծառայել չի լինի, պարզվում է, որ երբեմն մեկին ծառայելն էլ է դժվարանում: Մնում է , ոչ թե ինչ որ մեկին ծառայել, այլ ամբողջին տիրել: Բայց ինչպե՞ս, այս է խնդիրը:

«Ռամկավար ազատական». Ազատականը դա հաստատ նույն լիբերալն է, իսկ ռամկավա՞րը, սա էլ երևի դեմոկրատն է, որը պիտի թարգմանվեր ժողովրդավար, իրականում այս կուսակցությունը, ո՛չ մի կապ չունի ռամիկների ազատության հետ, այլ հարուստ ու պահպանողականների կուսակցություն է:

«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան». Դէ, պարզ է, որ սոցիալ դէմոկրատները մարքսիստ են, իսկ հնչակը նույն զանգն է, բայց այս կուսակցության զանգը, չգիտես ինչու, իր մյուս երկու «գործընկերների» համեմատությամբ ամենանվազ հնչողությունն ունեցավ հայի ականջին: Պատճառը գուցե այն է, որ հայի ականջը էնքան էլ հարմարեցված չէ մարքսիստական «հնչակի» ղողանջներին:

«Հայաստանի Կոմունիստական Կուսակցություն» (դէ, սա էլ արդեն ավանդականների շարքը անցնելու վրա է, եթէ, իհարկէ իրենց շարքում տեղ տան նրան): Սրա վիճակը հնչակյանների մասին ասվածի ավելի վառ ապացույցն է: Սրանք ամբողջ 70 տարի հայ ժողովրդի գլխին համայնավարություն քարոզեցին, բայց հայաստանցիք, կողը դեմ տված, մինչև վերջ էլ երկրի ղեկավարին, նույնինք ՀԿԿ առաջին քարտուղարին  ասում էին թագավոր: Իսկ ողջ  Խորհրդային Միության առաջին քարտուղարին, պիտի ենթադրել, որ համարում էին կայսր:

Գալով Հայաստանի նորաթուխ կուսակցություններին, քանի որ դրանց ճշգրիտ ոչ թիվը, ոչ բոլորի անունն ու գաղափարախոսությունն է մեզ հայտնի, խոսենք գլխավորների մասին:

«Հայաստանի Հանրապետական Կուսակցություն». Հանրապետական բառի իմաստն էլ շատ պարզ չէ, չես հասկանում դա նշանակում է, որ հանրությունը պիտի իշխի, թե հանրության վրա պիտի իշխել: Այսօրվա վիճակով կարծես գործում է երկրորդ մեկնաբանությունը: «Հանրապետական»ի նախագահը Հայաստանի այսօրվա միապետը կամ, որ միևնույնն է, թագավորն է, անկախ այն բանից ժողովուրդը նրան այդպես կոչում է, թե ոչ:

  «Բարգավաճ Հայաստան».Այս անունը լիուլի համապատասխանում է, թէ կուսակցության ղեկավարի անձնական բոյ-բուսաթին, և թէ, տերն անպակաս անի, գրպանին: Ղեկավար, որը ամենայն բարեհոգությամբ և ի խորոց սրտի ցանկանում է ստեղծել Հայաստան, ըստ պատկերի յուրում, ինչպես երկնային տերը ստեղծեց մարդուն իր պատկերով: Իսկ դրան հասնելու համար հարկավոր է նախ դառնալ նվազագույնը Հայաստանի երկրային տեր թագավորը: Պր. Ծառուկյանի ճակատին էլ կարծես այդ է գրված:

«Օրինաց երկիր». Սա, իր գրաբար ձևով հիշեցնում է Մովսես Մարգարէի խոստացած «Ավետյաց երկիր»ը: Մեկնաբանությունը թողնում ենք Հայաստանում օրենքի ուժը ճաշակած հայրենակիցներին:

  «Ժառանգություն». Անուն, որը նույնպես ակունք է առնում կուսակցության սփյուռքահայ  ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական կարգավիճակից, մարդը ամեն գնով ուզում է իրեն զգալ ողջ Հայաստան աշխարհի լիարժեք տեր ու ժառանգ: Այս բարդույթից ձերբազատվելու միակ ճանապարհն էլ հայոց թագավորների գահին բազմելն է, որի տիրելու վճռակամության մասին նա արդեն հայտարարել է:

«Արժանապատիվ ապագա»ն, ինչքան գիտեմ, արժանապատվորեն ինքնալուծարք է հայտարարել, բայց անուն ընտրելու մեջ էլ ամենաապատվարժանը հենց սրան պիտի համարել, որովհետեվ մարդիկ ուղղակի հայտարարում են, որ ներկա վիճակում արժանապատվությունից խոսելը անիմաստ է, և որ այն պիտի թողնել անհայտ ապագային:

 «Անունը կա, ամանումը չկա:» ժողովրուրդը այս առածը կարծես հենց իր հարազատ ծոցից ծնուննդ տված կուսակցությունների համար է ասել:

Իսկ, որպեսզի ամանումն էլ մի բան լինի, մեզ հարկավոր են իսկական ընկերվարների, ռամկավարների, ժողովրդավարների, համայնավարների , հանրապետականների, մեկ խոսքով իսկական հեղափոխականների ճշմարիտ դաշնակցություն, և եթե մի քիչ էլ ճանաչենք սփյուռքահայերի ժառանգական իրավունքները, որպես հայ մեծ ընտանիքի անդամներ, այն ժամանակ ազգովին կբարգավաճենք, կունենանք օրինաց երկիր և շատ մոտ ապագայում կապրենք արժանապատիվ կյանքով:

 

Հավատա՞նք, որ…: Բայց հուսալ և երազել միշտ էլ կարելի է:

 

 © 2023  azadmatian.com

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը կայքին պարտադիր է: